Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սասունցի Դավիթը» նշանավորում է հայկական օպերային արվեստի զարգացման նոր փուլը

«Սասունցի Դավիթը» նշանավորում է հայկական օպերային արվեստի զարգացման նոր փուլը
07.09.2017 | 13:35

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր խաղաշրջանը ավանդույթի համաձայն ազդարարվեց «Անուշ» օպերայով: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տարվա ընթացքում լինելու են հետաքրքիր պրեմիերաներ: Համագործակցելու են աշխարհի տարբեր թատրոնների հետ: Առաջին համագործակցությունը Մոսկվայում Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ է, տարեվերջին կներկայացվի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան:

Մանկական ներկայացումների մեկնարկը տրվելու է Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետով, որը, չգիտես ինչու, երբեք չի ներկայացվել Հայաստանում: Կվերականգնվի Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ, Ժակլին Սարխոշյանի լիբրետոյով և ժամանակակից խորեոգրաֆիայով բեմադրված «Երազ» ներկայացումը:
Տարվա մշակութային կարևոր իրադարձությունը սեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում կայացած Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթե հերոսական օպերայի պրեմիերան է:
Սեպտեմբերի 9-ին «Սասունցի Դավիթը» կներկայացվի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն նվիրվում է Արցախի և Հայաստանի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25, Հարո Ստեփանյանի ծննդյան 120 և Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակներին:


Նախագծի հեղինակ, գեղարվեստական ղեկավար, բեմադրող ՍԱՐԻՆԵ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻ խոսքով` օպերային այս ներկայացումները բացառիկ իրողություն են. «Հարո Ստեփանյանի անունը երկար ժամանակ չի եղել ազդագրերում: Նրա երաժշտությանը բնորոշ են բներանգի նրբությունը և ներդաշնակության հարստությունը: «Սասունցի Դավթում» առկա է ասերգային նոր ոճ, որ սերում է հայ գուսանների վերամբարձ երաժշտական արտասանությունից: Նոր ոճի այս հերոսական օպերան նշանավորում է հայկական օպերային արվեստի զարգացման նոր փուլը»:


Խոսելով արցախյան պրեմիերայի մասին` Մարինե Ավթանդիլյանն ասաց, որ այդ հզոր ներկայացումը առիթ էր Շուշիում համախմբելու հազարավոր ունկնդիրների աշխարհի տարբեր երկրներից. «Շուշին դարեր ի վեր եղել է մշակութային հզոր կենտրոն, այսօր էլ շարունակում է դեպի իրեն ձգել նշանավոր գործիչներին և մշակութասեր հասարակությանը»:
«Իրատեսը» հետաքրքրվեց` ինչ արձագանք է գտել օպերան Արցախում: «Հիանալի: Ինձ այսօր զանգեց Արկադի Տեր-Թադևոսյանն ու ասաց, որ ամբողջ ընթացքում հուզված էր, Գուրգեն Մելիքյանն ասաց, որ տպավորված է: Յուրահատուկ աստվածային շունչ կար ռեալական ուսումնարանի շենքում:Այնտեղ ստեղծեցինք թատրոն: Հանդիսատեսին գրավեց նաև հագուստների յուրաոճ լինելը: «Սասունցի Դավիթ» օպերան կունենա իր կյանքը, այստեղ մենք կտեսնենք երաժշտաբեմական ներկայացում»:


Անցյալ տարի Շուշիում ներկայացվել է Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերան: Թե ինչ ներկայացում է բեմադրվելու հաջորդ տարի, դեռ որոշված չէ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ